Իմ օրագիրը ինքնամեկուսացման օրերին

Հաշվի առնելով ստեղծված դժվարին իրավիճակը, հոգ տանելով իմ, հարազատներիս և հայրենակիցներիս մասին, անում եմ ամեն ինչ, որ գրեթե դուրս չգամ տանից։ Չնայած երկրի տխուր տրամադրությանը, փորձում եմ ակտիվություն մտցնել իմ և ընտանիքիս անդամների առօրյաում։ Օրվա մեծ մասը տրամադրում եմ դասերիս, քանի որ նախագծերը չափից շատ են, իսկ դրանց իրագործումը պահանջում է շատ ջանքեր և ժամանակ։ Բնականաբար ինձ համար առանձնացրել եմ իմ հանգստյան օրերը, որովհետև ժամանակ առ ժամանակ հանգստանալով , ավելի կազմակերպված և պատրաստված ես մոտենում դասերին։
Քանի որ տարվա ընթացքում մեծ մասսամբ ապրում եմ ծնողներիցս հեռու, այս ժամանակաշրջանն ինձ համար շատ լավ առիթ է նրանց հետ ժամանակ անցկացնելու և հին զբաղմունքները վերհիշելու համար։ Սովորաբար, ամեն երեկո նայում ենք հին հայկական ֆիլմեր, շոու-ծրագրեր, խաղում տարատեսակ ինտելեկտուալ խաղեր և այլն։
Ինքնամեկուսացումն ինձ ստիպեց վերհիշել վաղուց մոռացված հոբբիներս։ Վերսկսեցի նկարել, ինքնուրույն շարունակում եմ կիթառ նվագել սովորել, խորանում եմ իմ ապագա մասնագիտության մեջ և կարդում համապատասխան գրականություն։ Որոշեցի մի նոր բան սկսել սովորել, այդ իսկ պատճառով ծանոթանում եմ մոնտաժի նրբություններին և փորձում պատրաստել հոլովակներ։
Որքան էլ որ ծիծաղելի է, ի տարբերություն մյուսերի այս օրերին խոհանոցում բացարձակ չեմ լինում, չեմ սովորում նոր բաներ պատրաստել։ Կոպիտ ասած, այս “արձակուրդը” նվիրել եմ ինձ ու իմ նախասիրություններին ու հանգստանում եմ մի ամիս առաջ առօրյաիս անբաժանելի մասնիկ կազմող ընտանեկան գործերից(չեմ պատրաստում, չեմ հավաքում, չեմ մաքրում, իմ փոխարեն այդ ամենը մայրս է անում։)
Հուսամ շուտով կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ այս ստեղծված արտակարգ դրությունը կօգնի մեզ այսուհետ ապրել՝ մտածելով կողքինների ու բնության մասին, կօգնի գնահատել այն՝ ինչ ունենք։ Առողջություն բոլորիս․․․

Թողնել մեկնաբանություն