Իմ տունն իմ ամրոցն է…նախագիծ

Ընտանիքը նման է ծառի բողբոջների․․․բոլորս աճում ենք տարբեր ուղղություններով, բայց մեր արմատը նույն է․․․

Ես Լիլիթն եմ․․․մեծացել եմ հայ ու ավանդապաշտ ընտանիքում։Ծնվել և երկար տարիներ ապրել եմ Հայստանից հեռու փոքրիկ Հայստանում՝ Ջավախքում ։ Մի վայրում որտեղ անհնար է հայեցի, ավանդապաշտ չմեծանալը։ Այնտեղ երեխաները մեծանում են էլ ավելի հայրենասեր ու ավանդապաշտ, քանի որ հայրենիքից հեռու են և կարոտում են նրան։
Մեր ընտանիքում նշվել և նշվում է ցանկացած հայկական, եկեղեցական տոն,ծես մեծ շուքով ու ոգևորությամբ։ Ինձ մոտ լավ տպավորված են Զատկական ծեսերը։ Մայրիկս պատրաստում էր օրվան բնորոշ ճաշատեսակները, մենք օգնում էինք ներկել ձվերը, զարդարել սեղանները։ Այս ամենին հաջորդում էր ոգևորությամբ լի ձվերը կոտրելու ծեսն ու ընտանեկան ընթրիքը։
Բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ մարդու կյանքում մեծ դեր է ունենում նրա ընտանիքը, ստացած դատիարակությունը և դրանց կիրառումը ողջ կյանքի ընթացքում։ Իմ մանկության ամենավառ հիշողություններից է, երբ տատիկիս հետ թերթում էինք մեր ընտանեկան ֆոտոալբոմները։ Երբ նա ինձ պատմում էր մեր ամբողջ գերդաստանի, գաղթի , պապիկիս ու նրա ապուպապերի տարբեր պատերազմներում իրագործած հերոսությունների մասին։ Այդ ոգեշնչող պատմություններն ինձ միշտ հպարտություն են ներշնչել, ես հպարտացել , հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ նախնիներով և իմ ազգությամբ։
Մանկությանս վառ պահերից են նաև “խրատի ժամերը” ։) Հիմա ծիածաղով եմ հիշում , թե ինչ արձագանք էի ունենում, երբ ինձ փորձում էին խրատներ տալ։ Մինչև օրս էլ դա չեմ սիրում, բայց չեմ կարող ստել, որ ծնողներիս, տատիկներիս ու պապիկիս խորհուրդներն ինձ ոչինչ չեն տվել։Նրանք միշտ “ամեն ինչ գիտեն” , շատ ավելի մեծ կյանքի փորձ ունեն, ինչի շնորհիվ կարողանում են քո հայացքից հասկանալ պահի դրությունը և իրենց խրատով հարթել այն։ Նրանց շնորհիվ է , որ կյանքիս նպատակներից են լինել բարի, ազնիվ, ընկերասեր և ինձ շրջապատել միմիայն այդպիսի մարդկանցով։ Խրատը, որն ինձ համար լսածս պահից դարձել է կարգախոս, որը երբեք չեմ մոռանա հետևյալն է․ ” Մի՛ խաբիր քեզ համար թանկ ու քեզ համար անհանգստացող մարդկանց։ Ասա՛ նրանց ճշմարտությունը, նրանք կզայրանան, բայց վստահ կլինեն քո անկեղծության հարցում, սուտը բացահայտվելու դեպքում կկորցնես վստահությունդ, իսկ այն հետ բերելը շատ դժվար է”։
Մեծանալով իդեալական ընտանիքում, հասկացել եմ, որ կյանքի ամենակարևոր նպատակը դա ամուր, առողջ ու համերաշխ ընտանիք ունենալն է։ Դա պետք է լինի այն վայրը, որտեղ սահմաններ չկան, չկա կեղծավորություն ու գաղտնիքներ, այլ կան ընկերներ, ովքեր աջակցում ու աջակցելու են միմյանց անկախ ամեն ինչից․․․

Թողնել մեկնաբանություն